Մեկնարկեց Կառավարության նիստը։ Մինչ օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր տնտեսությունը ճգնաժամից հետո վերջապես կենդանության առաջին նշաններն է ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ փետրվարի առաջին 15 օրվա տվյալներով՝ հանրապետությունում ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավելի գործարք։ Դրամաշրջանառությունը ևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով կամ 34․1 մլրդ դրամով։ Տարեսկզբի համեմատ աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։ Պեկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նկատեց, որ գործարքների աճը գրանցվել է հիմնականում սպառման, արտադրության և ծառայությունների ոլորտներում։ Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նկատեց, որ չպետք է թուլացնել տնտեսությանն աջակցությունը՝ այն վերականգնելու, ոտքի կանգնեցնելու համար, և նրա այս կարծիքը կիսեց նաև վարչապետը։ Այնուհետև Կառավարությունն անցավ օրակարգի քննարկմանը։