Հայաստանը շուկայական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել բիզնես գործունեությամբ: Այս մասին Facebook-ի էջում պարզաբանում է տարածել գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն՝ արձագանքելով մամուլում տարածված այն լուրերին, թե «ՍԻԼ կոնցեռն»-ը գնել է «RAN oil»-ը։
Նա հիշեցրել է, որ «ՍԻԼ կոնցեռն»-ը Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով՝ այդ թվում վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով:
«Ինչ վերաբերում է մենաշնորհ հաստատելուն, պետք է հատուկ արձանագրել, որ շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք` ավելի մատչելի գնով: Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման` ստեղծված և քարացած մենաշնորհների: Հասկանալի է, որ այս շուկայում ստեղծվող մրցակցությունից կարող են նեղսրտել տարիներ շարունակ գերշահույթներ ստացած մոնոպոլները: Քաղաքական մանիպուլյացիաներ պարունակող հերյուրանքներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև մեր հասարակությունը վաղուց արդեն գիտի՝ որն է իրականությունը, որը` սուտը»,- գրել է նա և խիստ մտահոգվածներին խնդրել դիմել «RAN oil» ընկերության նախկին սեփականատերերին և տեղեկություններ ստանալ գործարքի մասին։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Խաչատուր Սուքիասյանը գնել է «RAN oil»-ը։