Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես նշել է.
«Նախքան աշխատանքների մեկնարկը, ցանկանում եմ անդրադառնալ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:
2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը և արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ:
Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են և ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության և տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողություն և իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում:
Այս իրողությունը հետևություններ անելուց զատ, տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման և առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության և դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան և միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը»:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացվող գործառնությունների դինամիկան: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93 տոկոսը՝ մասնավոր հատվածում գործառնություններն են: Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, օրակարգում է եղել նաև բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը: