Կա հավանականություն, որ, այո, Ամուլսարի հանքը կբացվի և կարող ենք ասել, որ այդ հավանականությունը մեծ է: Այս մասին այսօր 1in.am-ի հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հետպատերազմյան իրադրությունը փոխե՞լ է արդյոք Ամուլսարի նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
«Իմ վերաբերմունքը չի փոխել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մեկ տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային բաղադրիչը, ասելով, որ, տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր ու այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար վալյուտային հոսքեր է երաշխավորում: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան, ինչի արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր ՀՀ պատմության մեջ»: