Զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը գաղտնի է, հետևաբար այն չի կարող հանրայնացվել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին:
Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ը՝ 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին տեղեկություններ չունի։
Հարցին՝ արդյոք քննություն սկսվե՞լ է ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկերն ի հայտ բերելու համար, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ներմուծման գործում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել, որևէ քննություն կամ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»:
Հիշեցնենք, որ «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։