ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը և հավանության արժանացավ։
Նախագիծը զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոփոխվել, սակայն, այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ, փոխվել են ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի չափերը:
Վահե Դանիելյանի ներկայացմամբ՝ նոր փոփոխությամբ՝ առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով այդ սահմանափակումը չի եղել: Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափը՝ Վերաքննիչ դատարանում 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Իսկ դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափը 6000 դրամ է սահմանվել:
«Դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանվածություն։ Պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը»,-վստահեցրեց փոխնախարարը։
Նա նշեց, որ արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար արտոնություն է սահմանվել՝ այսուհետև գումար չի գանձվելու, մինչդեռ գործող օրենքով գանձվում էր որոշակի գումար: Պետական տուրքից ազատվում են նաև հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագիծը քննարկվել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել։