2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։
«Այդ համաձայնագրի իրականացումից մենք հանձնաժողովում ակնկալում ենք նոր հնարավորություններ և՚ Հայաստանի, և՚ ընդհանուր առմամբ Միության համար։ Կցանկանայի, որ ԵԱՏՄ – ԵՄ հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիզմի և իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ ի շահ մեր պետությունների, նրանց քաղաքացիների և բիզնեսի», – ասել է նա։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականը նշել է, որ երրորդ երկրների, այլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցումն ու պայմանավորվածությունների ձեռքբերումը պատկանում է ինքնիշխան պետությունների ազգային իրավասությանը:
«Հայաստանը մեզ համար առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում և այլ նորմատիվ փաստաթղթերում նախատեսված բոլոր պարտավորությունները մեր անդամ պետությունների համար հիմնարար են», – ասել է Մալկինան։
Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը 2021 թվականի փետրվարի 10 – ին տեղեկացրել է Հայաստանին ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ – ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Այն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որն ապահովում է ամուր իրավական հիմք Հայաստանի եւ ԵՄ գործընկերության համար եւ նախատեսում է համագործակցություն արդարադատության, անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության, կլիմայի, կրթության եւ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում: