ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:
Նախագիծը ներկայացրեց Տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում շուրջ 40 փոփոխություն է կատարվել:
Այդ փոփոխություններից մեկի համաձայն, եթե չթույլատրված պետական օժանդակություն է տեղի ունեցել, ենթակա է վերադարձման միայն անհատապես որոշվող գույքը: Ուստի, եթե պետության կողմից սխալ որոշում է կայացվել, որևէ տնտեսվարող սուբյեկտ դրա համար չպետք է լրացուցիչ պատասխանատվություն կրի։
«Նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը: Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, որն անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի»,- ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ առաջին ընթերմամբ օրենքն արդեն հավանության է արժանացել խորհրդարանի կողմից, սակայն, գործարարները քննադատել են այն։ Մինչդեռ ՏՄՊՊՀ-ն պնդում է, որ նոր օրենքի նպատակն ամենևին էլ տնտեսվարողներին պատժելը չէ։