ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Գևորգ Պապոյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Նախագծում Գևորգ Պապոյանի առաջարկով որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել, որոնք, սակայն, որևէ կերպ բովանդակության վրա չեն ազդել։
Օրինագծի ընդունումը պայմանավորված է պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ և հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:
«Այս օրենքի միջոցով մենք հնարավորություն ենք ստեղծում գնումների կազմակերպման, կառավարման գործընթացում հանրային վերահսկողություն իրականացնել մրցույթի մասնակցի կողմից, ԶԼՄ-ի կողմից և ՀԿ-ների կողմից: Եվ, ըստ էության, շատ էականորեն կրճատում ենք հնարավորությունը, որ կարող են մրցույթը հաղթողի և ապրանքը ընդունողի միջև կոռուպցիոն ռիսկեր և պայմանավորվածություններ առաջանալ, և դրա հետևանքով պետությանը պատճառվել էական վնաս։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով ուզում ենք չեզոքացնել կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց օրենքի համահեղինակ Գևորգ Պապոյանը։ Նա ընդգծեց, որ օրենքի նախագծով նպատակ ունեն հանրային վերահսկողության նոր մեխանիզմ ներդնել՝ մեծացնելով թափանցիկությունը պետական գնումների հանդեպ։
Նա նաև նշեց, որ նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: