Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը և կից օրենսդրական փաթեթը:
««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:
Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում 30-ից ավել փոփոխություն է կատարվել: Գևորգյանը հայտնել էր նաև, որ նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը:
Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, ինչն անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի:
Հիշեցնենք նաև, որ առաջին ընթերմամբ օրենքն արդեն հավանության է արժանացել խորհրդարանի կողմից, սակայն, գործարարները քննադատել են այն։ Մինչդեռ ՏՄՊՊՀ-ն պնդում է, որ նոր օրենքի նպատակն ամենևին էլ տնտեսվարողներին պատժելը չէ։