Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով որոշ տնտեսավարողներ ֆինանսական խնդիրների են բախվել:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ 800 տնտեսավարող պետական բյուջեի միջոցներից ստացել են արտոնյալ պայմաններով վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9 մլրդ դրամ։
Սակայն, ներկայացված դիմումների համաձայն՝ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված, տնտեսավարողներն իրենց ֆինանսական խնդիրների լուծման համար լրացուցիչ ժամանակի կարիք ունեն։
Շուրջ 685 շահառուներից 35-ը չի կատարել վարկերի մարման պարտավորությունները։ Մարտ-ապրիլ ամիսներին պարտավորությունները չկատարած շահառուների թիվը կավելանա 50-60%-ով՝ կազմելով շուրջ 60։
Դիտարկելով բոլոր 800 շահառուների միաժամանակ արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունը՝ 6 ամսով կհետաձգվեն շուրջ 1,3 մլրդ դրամի վարկային միջոցների մարումներ։
Կառավարության հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ընդունված նախագիծը հնարավորություն կտա նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով: