Բոլոր ոլորտներում ունենք գրեթե երկնիշ տնտեսական անկում՝ շուրջ 12 տոկոս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա գնահատմամբ՝ երկրում առկա քաղաքական ճգնաժամը հարվածում է բիզնես ծրագրերին։ Ներդրումները չեն իրականացվում, քանի որ գործարարները սպասում են, թե ճգնաժամն ինչ հանգուցալուծում է ստանալու։
«Եթե նույնիսկ հայտարարվի, որ արտահերթ ընտրություն է լինելու, մարդիկ մինչև արտահերթ ընտրության ավարտն ու նոր կառավարության ձևավորումը որևէ լուրջ ծրագիր չեն իրականացնելու։ Հիմա մենք գլորվում են այդ տնտեսական անկման միջավայրը։ Մարդիկ աղքատանում են»,- նկատեց պատգամավորը։
Մելքումյանի հաշվարկով՝ օրական նվազագույնը 5-7 մլն դոլար համախառն ներքին արդյունք ենք կորցնում:
«Մինչպատերազմյան ու մինչհամավարակի ժամանակներում՝ 2019թ. և 2020թ. ընթացքում, նաև օտարերկրյա ուղիղ ներդրումներն են քառակի նվազել: Տնտեսական հեղափոխությունը փլուզված, ձախողված երևույթ է»,- նշեց ԲՀԿ-ականը և որպես պատճառ մատնացույց արեց պետական կառավարման ձախողված համակարգը։
«Ամիսներ շարունակ շատ հարցեր չեն լուծվում, ամիսներ շարունակ ծրագրերից արձագանք չկա, և ասում են՝ ժամանակ կա, փորձաքննություն ենք անում, անցնում է ժամկետը, և ներդնողը հիասթափված ևս մեկ անգամ զանգահարում է, իսկ իրեն պատասխանում են՝ ինչո՞ւ ես շահագրգռված, կարո՞ղ է կոռուպցիա կա»,- հավելեց նա։