Շուկայում ձվի գնի անկում կա։ Ձվի շուկայում գնի մեծ անկում չէր կարող լինել, քանի որ, ըստ նախնական վերլուծությունների, գնաճի որոշակի օբյեկտիվություն կար, սակայն մենք չենք գտնում, որ գնի այս բարձրացումն է օբյեկտիվ։
Այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ձու ածող հավերի կերը ներմուծվում է արտասահմանից, այն չի արտադրվում Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն, դա չի նշանակում, որ ձվի գնի այսչափ բարձրացումը համաչափ ենք համարում։ Չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում իրականացվել։ Ես չեմ կարող զանգել ձու արտադրող ընկերությանն ու ասել՝ ձվի գինն իջեցրեք․ դա մեր կառույցի հիմնական գործառույթը չէ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելեով, որ չի կարող ասել, թե արդյո՞ք Զատկի տոնից հետո ձվի գինը կիջնի։
ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսևորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետևանքով 104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որևէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ձվի շուկայում գրանցվել է դեֆիցիտ ու գնաճ։ ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել որոշ ընկերությունների նկատմամբ, սակայն էական փոփոխություն դեռևս չի նկատվում։