Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական նոր դրական ցուցանիշների մասին հայտարարեց։ Մինչ կառավարությունը շարունակում է խոսել տնտեսական հաջողություններից, թե՛ տեղի փորձագետների, թե՛ համաշխարհային կառույցների կանխատեսումներն այլ իրողության մասին են վկայում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia today-ի հետ զրույցում Համաշխարհային բանկի մարտ ամսվա զեկույցին է անդրադարձել։ Համաշխարհային բանկը 2021 թվականի համար Հայաստանի Համախառն ներքին արդյունքի մինչև 3,4% աճ է կանխատեսում։
«2021թ․ մեր կանխատեսումները պետք է հիմնված լինեն նաև 2020թ․ սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա, որոնք բավականին վատն են՝ նկատի ունենալով վերջին տասը տարիների համանման ցուցանիշները։ Մենք 2020թ․-ին ունենք 7,6 տոկոս անկում, որը գրանցվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Բնականաբար, այդ վատ ցուցանիշներով մենք վատ հիմքեր ենք դրել 2021թ․-ի համար։ ԿԲ-ի կանխատեսումները վկայում են, որ 2021թ-ին լավագույն դեպքում լինելու է հետճգնաժամային տարի»,-ասաց Պարսյանը։
Տնտեսագետը հիշեցնում է՝ բացի Կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ տնտեսության վերաբերյալ լավատեսական կանխատեսումներից, մնացած թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցները 2021թ․-ի համար լավագույն դեպքում հետճգնաժամային տարի են կանխատեսում, որի ժամանակ կարող է առավելագույնը 3-4 տոկոս տնտեսական աճ լինել։
«Սակայն այդ աճի մասով բավականին լուրջ խնդիրներ ունենք, քանի որ ինչպես 2021թ․ առաջին երկու ամիսների վիճակագրությունն է փաստում, տնտեսության ամենաակտիվ զարգացող ոլորտ է մնում հանքարդյունաբերությունը՝ ի հաշիվ մետաղների գների աճի։ Մեր տնտեսությունը նստած է հանքարդյունաբերության ասեղի վրա, և եթե 2021թ․ ընթացքում համաշխարհային շուկայում մետաղի գներն անկում գրանցեն՝ ապա դրանից էլ կզրկվենք»,-ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով, թեպետ մեր տնտեսությունը մեծ կախվածություն ունի հանքարդյունաբերության ոլորտից, սակայն այդ ոլորտի ազդեցությունը թե՛ մյուս ոլորտների և թե՛ բնակչության կենսամակարդակի վրա շատ փոքր է։ Մյուս կողմից տնտեսագետը շեշտում է հունվար-փետրվար ամիսներին արձանագրված գնաճի մասին՝ ընդգծելով, որ մարդկանց եկամուտները մնում են նույնը, իսկ գներն աճում են։
«Մեր բնակչությունն ավելի է աղքատանում ու այս գործընթացները շարունակվելու են։ Նույն Համաշխարհային բանկի վիճակագրության մեջ նշվում է, որ 2020թ-ին Հայաստանում մոտ 7 տոկոսով ավելացել է աղքատության մակարդակը։ Հնարավոր է, որ 2021թ․ որոշ փոփոխություններ լինեն, բայց 2020թ․ փակեցինք աղքատության մակարդակի աճով»։
Տնտեսագետի կարծիքով՝ Համաշխարհային բանկի կանխատեսումները հուսադրող չեն։
«Ըստ էության, այդ կանխատեսումը լավագույն սցենարն է, իսկ վատագույն սցենարը կարող է լինել 2020թ․ տնտեսական ճգնաժամի շարունակությունը։ Մենք հունվար-փետրվար ամիսներին 6,3 տոկոս անկում ունենք։ Եթե այդ միտումը շարունակվի, շատ հնարավոր է, որ 3-4 տոկոս աճ էլ չկարողանանք ապահովել, որովհետև կան բազմաթիվ հարցեր»-ասաց նա։
Ամփոփելով՝ Սուրեն Պարսյանը նշեց, որ տնտեսական խնդիրներին Հայաստանում գումարվում են նաև քաղաքական անորոշություններն ու քաղաքական ռիսկերը, իսկ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները տնտեսական գործընթացների վրա սովորաբար բացասական ազդեցություն են թողնում։