Նախորդ տարի Հայաստանի կառավարությունն ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։
Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման:
Նոր կարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի պարտավորություն չի ծագում, եթե ապրանքներն արտահանվում են․
- տեխնիկական սպասարկման, վերանորոգման կամ բնականոն վիճակը պահպանելու,
- փորձարկման, ստուգման կամ այլ նմանատիպ գործառնություններ իրականացնելու,
- «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային գործառնություններ իրականացնելու,
- սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների,
- ինչպես նաև վերամշակման, մշակման և որոշակի այլ փոփոխությունների նպատակով։
Պարզեցված կարգով արտահանման համար տնտեսվարողը ներկայացնում է դիմում մաքսային մարմիններին՝ արտահանումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ։
Մաքսային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է արտահանման թույլտվություն կամ մերժում է, եթե թույլտվության համար անհրաժեշտ պայմանները պահպանված չեն: Մաքսային մարմինը, դիտարկելով փաստաթղթերը, մեկօրյա ժամկետում իրավունք ունի պահանջել դիմումի մեջ առկա տեղեկատվությունը հաստատող փաստաթղթերը։