Թեև 2019 թվականին տնտեսական աճ եղավ, բայց երկարաժամկետ ու լուրջ ներդրումների համար որոշակի ժամանակ էր պետք։ Ըստ էության՝ մենք ունեցել ենք միայն մեկ անցնցում տարի։
Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ընդգծեց, որ դա եղել է 2019 թվականին։
«Անգամ մեր քննադատներն են ասում, որ 2019 թվականը բավական լավ տարի էր։ Այդ առումով 2020 թվականը մենք ամբողջությամբ կորցրել ենք ու մեզնից կրկնակի, եռակի ջանքեր են պահանջվում, որ այն վերականգնենք։ Տնտեսական բում չեղավ»,- նշեց պատգամավորը։
Թունյանը համոզված է, որ ներդրումները շատ կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման համար։ Եթե դրանք լինեն, ապա տնտեսությունն ավելի արագ կզարգանա։ Բայց ներդրումների բացակայությունը կապել կոնկրետ անձերի հետ, Թունյանը սխալ է համարում։ Նրա կարծիքով՝ ներդրողի համար նշանակություն չունի, թե ով է պետության գլխին։
«Ներդրողի համար կարևոր է, թե ինքն այդ երկրում կարո՞ղ է շահույթ ունենալ, փող աշխատել, կարևոր են պաշտպանվածությունը, ռիսկերը և խաղի կանոնների կանխատեսելիությունը։
Անձերը կապ չունեն, համակարգը պետք է լավ աշխատի, որպեսզի ներդրողնեը շահագրգռված լինեն Հայաստան գալ»,- ասաց Թունյանը։