Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում ներդրումների ծավալը նվազել է: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որը վերաբերում էր 2021-ի առաջին եռամսյակի ներդրումների դինամիկային։
Ավագ Ավանեսյանը նշեց, որ առաջին եռամսյակում շինարարության ծավալները, մասնավորապես՝ արդյունաբերական շինարարության, աճել են:
«Արդյունաբերական շինարարության ծավալների աճը կարող է ընդհանրապես կապ չունենալ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ: Ներդրումների 35 տոկոսն իրականացվել է էներգետիկ ոլորտում»,- մատնանշեց փոխնախարարը։
Պատգամավորն էլ արձագանքեց, որ օրենսդրական նախաձեռնություններ են իրականացվում՝ միտված ներդրումների խթանմանը: