ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Փոխնախարարի խոսքով՝ այն նպատակ ունի ընդլայնելու և զարգացնելու փոխադարձ ազատ առևտուրն ու տնտեսական հարաբերությունները: Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր և մաքսատուրքերին համարժեք նշանակություն ունեցող ցանկացած վճարներ կողմերից մեկի տարածքի ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար կամ ներմուծման հետ կապված, եթե սույն համաձայնագրով այլ բան չի սահմանվում:
Փոխնախարարը նշեց, որ համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ, և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել:
Հավելեց, որ համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:
Փոխնախարարը նաև ասաց, որ Սերբիան ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս և առանց քվոտա որոշ տեսակի պինդ և կիսապինդ պանիրների մատակարարումներ՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:
«ԵԱՏՄ անդամ պետությունները արտոնյալ մաքսատուրքերով, սակագնային առավելություններով մուտք կունենան դեպի սերբական շուկա: ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար»,- եզրափակեց նա։