Կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 25 միջոցառում է հաստատել։ Միջոցառումներն ուղղված են համավարակից տուժած գրեթե բոլոր ոլորտներին։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների հիմնական մասը գրեթե ավարտվել է, սակայն, որոշները դեռ իրականացվում են։
«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շահառուներին հասանելի ֆինանսական գումարը կազմել է շուրջ 239 մլրդ դրամ՝ ներառյալ վարկավորման միջոցառումները։ Աջակցություն է տրամադրվել տուժած ոլորտների վարձու աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին՝ 134 678 շահառու, վճարվել է 9.1 մլրդ դրամ: Սրանք խոշոր միջոցառումներ են»,- ներկայացրեց փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը հստակեցրեց, որ միջոցառումներն ուղղված են եղել հիմնականում թիրախային սոցիալական խմբերին:
«Միանվագ աջակցություն չաշխատող հղի կանանց՝ 9781 շահառու, վճարվել է 1 մլրդ դրամ։
Աջակցություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող երեխաներին, որտեղ երկու ծնողները չունեին գրանցված աշխատանք՝ 195 418 շահառու, 2 մլրդ դրամ»,- ընդգծեց նա։
Գրիգորյանը կարևորեց նաև այն միջոցառումը, որի շրջանակներում բնակչության որոշ խմբերի համար գազի, էլեկտրաէներգիայի և խմելու ջրի սականգերի փոխհատուցում է տրամադրվել։
Նա նաև նշեց, որ զբոսաշրջությունը խթանելու նպատակով ոլորտին առնչվող 1315 տնտեսվարող օժանդակություն կստանան, գումարի չափը կկազմի մոտ 3,5 մլրդ դրամ։