Պլանավորում ենք նոր ատոմակայան ունենալ։ Ներկայում բանակցում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Այսօր կամ վաղը կվերադառնան ՀԱԷԿ-ի տնօրենը և տեղակալը, որոնք այցով գտնվում են ՌԴ-ում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Առաջարկներ կան նաև այլ երկրներից։ Առաջարկությունները միշտ լսելի են, և մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Բայց մենք հաշվի ենք առնում այն, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում ունենք հաջողություններ և կարծում ենք, որ «փորձված թանը» ավելի ճիշտ է»,-ասաց նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ԱԷԿ կառուցելու հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում, Եվրոպայում, Չինաստանում։