ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ Ռուսաստանը պետք է պատրաստվի այլ երկրներից աշխատանքային միգրացիայի վերականգնմանը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը:
Այս մասին նա հայտարարել է նախօրեին ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում:
«Մենք լավ հասկանում ենք, որ հավերժ չի կարելի փակ պահել սահմանները։ Այն երկրները, որոնք ընտրել են այդ ճանապարհը, արժանի արդյունքներ չեն ցույց տալիս ո՛չ համաճարակի դեմ պայքարում, ո՛չ տնտեսության աճի մեջ։ Կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք աշխատանքային միգրացիայի ծավալների վերականգնմանը և մշակենք բոլոր անհրաժեշտ նորմերն ու կանոնները, որպեսզի նոր իրողություններում այդ գործընթացը կառուցվի՝ հաշվի առնելով սանիտարական պահանջները և ընդհանուր համաճարակաբանական իրավիճակը»,- ասել է Մատվիենկոն:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ռուսաստանը բարյացակամ պետություն մնա մեր բոլոր գործընկերների, օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են աշխատել, սովորել և ապրել ՌԴ-ում«,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանում միգրանտների թիվը զգալիորեն կրճատվել է վերջին մեկ տարվա ընթացքում, և այժմ դրանք նույնիսկ բավարար չեն հավակնոտ նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի Ռուսաստանի Դաշնություն արտագնա Հայաստանից աշխատանքի է մեկնում շուրջ 60 հազար աշխատանքային միգրանտ , որոնք հիմնականում զբաղված են շինարարության և առևտրի ոլորտներում: Ռուսաստանի Բանկի վերջին տվյալներով՝ 2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանից աշխատանքային միգրանտները հայրենիք են տեղափոխել 179,2 մլն դոլար ՝ նախորդ եռամսյակի համեմատ կրճատելով 4 տոկոսով: Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը միացել է միջպետական համաձայնագրին, որը կարգավորում է աշխատուժի հարցը։ Այդ պայմանագրի շնորհիվ երկրի քաղաքացիները չեն ընկնում աշխատուժի քվոտավորման ընդհանուր համակարգի տակ։