«Եթե վերցնենք ու համեմատենք 2019, 2020, 2021 թվականների գնաճերը, ապա կտեսնենք, որ 2020 թվականին եղել է չափից ավելի ցածր գնաճ։ Օրինակ՝ այս ամիսներին մոտավորապես 0-ին մոտ գնաճ է եղել։ Ու մի քանի ամիս նույնիսկ դեֆլյացիա էր, ոչ թե ինֆլյացիա»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Եթե վերցնենք 2 տարվա կտրվածքով, ապա գնաճն, այնպես չէ, որ չափից ավելի բարձր է եղել»,- հավաստիացրեց նախարարը՝ ասելով, որ շատ են աշխատում այն բանի վրա, որ գնաճի բերող երևույթները Հայաստանում նվազեն։ Օրինակ, եթե Լարսի փակ լինելը բերում է գնաճի, ապա աշխատում են այնպես անել, որ այն երբեք չփակվի։
Լրագրողների հարցին, թե գնաճին ի՞նչ այլընտրանք կառաջարկի, օրինակ՝ նախկին նախարարը ոսպի փոխարինիչ էր առաջարկել, Քերոբյանը պատասխանեց․
«Ուզում եք՝ մի հիմարություն էլ ե՞ս ասեմ»։
Շարունակելով գնաճի թեման՝ Քերոբյանն ընդգծեց, որ դրան զուգահեռ ավելացել են նաև մարդկանց եկամուտները։ Նրա պնդմամբ՝ գրանցված եկամուտների աճն ավելին է, քան գնաճը։