Մեղրիի մաքսային պահեստում հայտնաբերվել են խախտումներ, որոնք անհամատեղելի են նրա գործունեության հետ: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Իմ հրամանով մաքսային պահեստի շահագործման լիցենզիան կասեցվել է: Եթե իրավիճակը շտկեն, մենք կվերանայենք լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշումը»,- ասաց ՊԵԿ ղեկավարը:
Նա հավելեց, որ պահեստում եղել են մաքսային պահեստների պահանջների բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ ռենտգենյան սարքավորումները չեն գործել: Արձանագրվել են այլ խախտումներ ևս։
Նշենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահը հրամայել է ստուգումներ անցկացնել մաքսային պահեստներում, այդ թվում՝ Մեղրիի, որտեղ էլ հայտնաբերվել են մաքսային պահեստների նկատմամբ պահանջների կոպիտ խախտումներ: