Ինչպես ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, համատեղ տիեզերական համակարգի ստեղծման մասին որոշման նախագիծը հաստատվել է ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում` 2021-2025 թվականներին: Այն բաժանվելու է երեք փուլի: Առաջին փուլում նախատեսվում է միավորել Միության երկրների ռեսուրսները ազգային տիեզերական ծրագրերի հիման վրա: Այդ նպատակով կկատարվեն գիտական և շուկայավարման հետազոտություններ: Երկրորդ փուլում կստեղծվի ԵԱՏՄ երկրների միասնական տվյալների շտեմարան, իսկ երրորդ փուլում նախատեսվում է ստեղծել ԵԱՏՄ պետությունների տիեզերական հիմքի վրա երկրագնդի ժամանակակից համակարգ:
Նախատեսվում է, որ նշված ժամանակահատվածում կիրականացվի 4 նոր տիեզերանավի արտադրություն: Իյա Մալկինան նաև մատնանշեց նախագծի մեջ Հայաստանի և Ղրղզստանի ներգրավվածությունը, քանի որ հիմնական շարժիչները Ռուսաստանն է, Բելառուսը և Ղազախստանը:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը միջկառավարական խորհրդի նիստում նշել էր, որ ԵԱՏՄ երկրները հինգ տարի աշխատելու են համատեղ տիեզերական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Միության երկրները մեծ հնարավորություններ ունեն տիեզերական հետազոտությունների ոլորտում համագործակցության զարգացման համար: