Բոլոր միգրանտները, որոնք Ռուսաստանում երկար մնալու հույս ունեն, պարտավոր կլինեն 10 տարի գործողության ժամկետով միասնական էլեկտրոնային փաստաթուղթ ստանալ։ Այս մասին մայիսի 1-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից։
«Նախատեսվում է, որ միասնական փաստաթուղթը օտարերկրյա քաղաքացուն կտրվի 10 տարի ժամկետով, իսկ գործողության ժամկետը լրանալուց հետո ենթակա կլինի փոխարինման», — հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Էլեկտրոնային փաստաթղթում պարունակվելու է դրա սեփականատիրոջ մասին տեքստային և գրաֆիկական տեղեկատվություն: Այն ստանալու համար պահանջներն ու ընթացակարգը կհստակեցվեն դաշնային օրենքի նախագծի և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախապատրաստման ընթացքում, նշել են ՆԳՆ-ում:
Ավելի վաղ գերատեսչությունում հայտնել էին, որ Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են երկարաձգել երկրում գտնվելու ժամանակավոր ժամկետը կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով: