Տասներկուամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: Միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։ Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում է տնտեսական ակտիվության և պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն ՀՀ տնտեսության վրա»,-ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ 2021թ-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են դրական միտումներ։
«Համաշխարհային պահանջարկի և արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաև վարկավորման դրական զարգացումներով պայմանավորված՝ համախառն պահանջարկը կվերականգնվի սպասումների համեմատ ավելի արագ տեմպերով, սակայն դեռևս կմնա թույլ։ Միևնույն ժամանակ, ըստ ԿԲ գնահատականների, ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները և որոշակիորեն նաև գնաճային սպասումները։ Արդյունքում, Խորհրդի գնահատմամբ, գնաճին նպաստում են նաև ներքին տնտեսությունից եկող ազդակները»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: Հիշեցնենք նաև, որ ԿԲ-ն նման որոշում կայացրել էր նաև մինչ այս՝ նախորդող ամիսներին։
Մանրամասները՝ տեսանյութում․