ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ինստիտուցիոնալ փոփոխություն են արել նաև եկամտի հարկման հետ կապված։
Նրա տեղեկացմամբ՝ 2018-ի դրությամբ գործել է եռաստիճան եկամտային հարկ՝ 36 տոկոս, 28 տոկոս և 23 տոկոս: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ իրենք սահմանել են համահարթ եկամտային հարկ՝ 23 տոկոս, և օրենսդրությամբ արձանագրվել է, որ ամեն տարի եկամտային հարկը 1 տոկոսով կիջնի, և արդյունքում 2023-ի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտային հարկ: Միևնույն ժամանակ կառավարությունն իջեցրել է շահութահարկի դրույքաչափը՝ 20 տոկոսից դարձնելով 18 տոկոս:
«Ըստ էության մենք ինստիտուցիոնալ առումով լուծեցինք և շարունակում ենք լուծել ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրները: Եվ 2021 թվականի մարտին 2018-ի մարտի դրությամբ երկրում ունենք 85 038-ով կամ 15.5 տոկոսով ավելի աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև ստվերային աշխատավարձին։
«Եվ մենք այս խնդրի լուծման իմաստով էլ լրջագույն հաջողությունների ենք հասել: 2021 թվականի մարտին 2018-ի համեմատությամբ համընդհանուր աշխատավարձի ֆոնդի 36 տոկոսով ավելացում ունենք՝ ընդհանուր 34 մլրդ դրամով: Ընդ որում, մենք ունենք մեկ մարդու միջին աշխատավարձի 19-20 տոկոսով ավելացում»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ 2019 թվականին 43 տոկոսով ավելացրել են պետբյուջեի եկամուտները։
«Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարվա ընթացքում երկրում 43 տկոսով ավելանան պետական բյուջեի եկամուտները՝ հարկային դրույքաչափերի ու հարկային բեռի նվազեցման պարագայում»,- հավելեց նա։
Փաշինյանը նշեց, որ ավելի քիչ հարկային դրույքաչափով 2021 թվականի մարտին 2018-ի համեմատ 4 մլրդով ավելի շատ եկամտային հարկի հավաքագրում է իրականացվել: Վարչապետի պաշտոնակատարը սա համարեց հեղափոխական բարեփոխում։