Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բիզնեսը կենտրոնացված է Երևանում: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում։
Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունը:
«Նայենք՝ ինչ է տեղի ունեցել 2021 թվականին, նաև 2020-ին: ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, իսկ մարզերում աճել են ավելի շատ»,- հավելեց Մանուկյանը։
Իշխող ուժերի ներկայացուցչի պատկերացմամբ՝ սա պայմանավորված է ինչպես մարզերում կյանքի որոշակիորեն աշխուժացմամբ, այնպես էլ ավելի առաջանցիկ տեմպերով մարզերում ստվերայնության կրճատմամբ և բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելով։
Արտակ Մանուկյանի խոսքով՝ 2020 թվականի ճգնաժամն իր բովանդակությամբ ու խորությամբ համադրելի չէ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքների հետ ողջ աշխարհում: Ըստ նրա՝ այդ ժամանակ արտաքին պարտքի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական ցուցանիշն աճել էր 18.5 տոկոսային կետով:
«Մենք փորձել ենք փրկել հասարակությանը, չենք առաջնորդվել յուրային – ոչ յուրայիններով: 2020-ին գրանցել ենք 7.6 տոկոսանոց անկում, բայց պարտքի բեռը հարաբերականորեն ավելացել է ընդամենը 13.6 տոկոսային կետով: Դե համեմատեք՝ 18.5, 13.6, 14 և ավել տոկոսանոց անկումը 7.6-ի հետ և խոսեք Կառավարության ծրագրերի արդյունավետության մասին»,- նկատեց խորհրդարանականը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուշադրության կենտրոնում է պահում բիզնեսի կողմից ՀԴՄ կտրոններ տրամադրելու հանգամանքը։ Նա նշել էր, որ յուրաքանչյուր սպառող պետք է ՀԴՄ կտրոն պահանջի։ Փաշինյանի համոզմամբ՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է նշանակում։