Վարակիչ հիվանդությունների կանխամտածված տարածման և կենսաբանական գործակալությունների հետ կապված ռիսկերի նվազեցումն առաջնային տեղ է զբաղեցնում ՌԴ կենսաբանական անվտանգության ամրապնդման գործում:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մայիսի 6-ին Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարարի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի միջև կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։
Զախարովան ընդգծել է, որ այս հարցում առանցքային տարրերից մեկը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի պետությունների հետ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն է: Այդ նպատակով միջոցառումներ են անցկացվում նշված երկրների հետ՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով միջկառավարական երկկողմ հուշագրերի հիման վրա։ Բացի Հայաստանից, նման փաստաթղթեր արդեն ստորագրվել են նաև Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ։
«Այդ հուշագրերի իրականացումը ծանրակշիռ ներդրում է ունենում մեր պետությունների բարեկամական հարաբերությունների և կենսաբանական անվտանգության ամրապնդման գործում, ինչը թույլ կտա զարգացնել համագործակցությունը բժշկակենսաբանական, անասնաբուժական, բուսասանիտարական ոլորտներում։ Ակնկալում ենք նմանատիպ փաստաթղթերի ստորագրում ՀԱՊԿ և ԱՊՀ բոլոր պետությունների հետ», – հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և նրա գործընկեր Սերգեյ Լավրովը միջկառավարական հուշագիր էին ստորագրել կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ ՊՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում բացվել է երեք լաբորատորիա՝ Երևանում, Գյումրիում և Իջեւանում։ Հայկական և ռուսական ԶԼՄ-ներում դրանց հայտնաբերումից հետո պարբերաբար հրապարակումներ են լինում առ այն, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են և կարող են օգտագործվել ռազմական նպատակներով կենսաբանական զենքի ստեղծման և արտադրության համար։ Երևանում ռեֆերենս-լաբորատորիայի ստեղծման համար ԱՄՆ ՊՆ-ն հատկացրել է 15,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 18 մլն դոլար։