Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ մայիսի 17-ին ՀԱԳՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ։
Աննա Դոնչենկոն հանգամանալի ներկայացրեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գարասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը, որդեգրած տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթային ոլորտները։ Խնդիր է դրված խթանել Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։
Ներկայացուցչությունն այս առումով իր ուսումնասիրություններն է արել հայաստանյան շուկայում և առանձնացրել տնտեսական կապերի այն առաջնահերթություններն ու ուղղությունները, որոնք առավել հեռանկարային են ներկա փուլում։ ՌԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքիր ներդրումային բնագավառներ են։ Կառույցն անմասն չի մնում նաև մշակութային և հումանիտար համատեղ ծրագրերին աջակցությունից։
Արսեն Ղազարյանի խոսքով՝ համագործակցության լայն դաշտ կա գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ՏՏ, զբոսաշրջության, բազմաթիվ այլ ոլորտներում։ Նա կարևորորեց տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ձեռներեցների միջև անմիջական տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ «Ռուսաստանը եղել և մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը», – նշեց ՀԱԳՄ նախագահը։
Աննա Դոնչենկոն Արսեն Ղազարյանին փոխանցեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հրավերը՝ հուլիսի 6-9-ը մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։