Armenia Today-ի տեղեկություններով՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն վաճառվում է, և արդեն ընթանում են գնման գործընթացի բանակցություններ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ գնորդը չեխական կազմակերպություն է՝ «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը, որը ցանկանում է նաև հանք բացել Վահագնի-Վահագնաձոր-Եղեգնուտ-Մարգահովիտ տարածքներում։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանի հետ։ Վերջինս չմեկնաբանեց գործարանի գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները։
«Հանրապետությունում շատ տեղեկություններ կան, ի՞նչ անենք»,- կարճ պատասխանեց գործարանի ներկայացուցիչն ու անջատեց հեռախոսը։
Հիշեցնենք, որ չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը մտադիր է մարզի Հանքաձոր կոչվող տարածքում մետաղական հանքանյութ փնտրել, արդյունավետ պաշարներ հայտնաբերելու և պետությունից թույլտվություն ստանալու դեպքում Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբեդ և Եղեգնուտ համայնքներին պատկանող տարածքներում հանքարդյունաբերություն սկսել։
Սակայն, ընկերության ներկայացուցիչների հանրային քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը տապալվեց Վահագնաձոր գյուղում։