ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ անդրադարձել է Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի գործունեությանը և արձանագրված ցուցանիշներին:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2019-ին, երբ ստեղծվեց կենտրոնը, այն նախատեսվել է որպես ավտոմաքսատուն և միտված է եղել ՀՀ ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման բավարար պայմանների ապահովմանը։ «Մաքսատունն արդյունավետ իրականացրել է այդ գործառույթը»,-հավելեց նա։
Այնուհետև, Հովհաննիսյանի խոսքով, որոշում է կայացվել տարածքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: «Կենտրոնի շինաշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, դեռևս չունենք կառույց՝ իր ամբողջական ենթակառուցվածքներով, և վաղ է գնահատել արդյունքային ցուցանիշները: Արդարացի կլինի, երբ ունենանք վերջնական պատկեր և միայն դրանից հետո գնահատենք այդ ցուցանիշները»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը: