2020թ–ին պետական համակարգի աշխատողներին բյուջեով հատկացվել է շուրջ 21.19 մլրդ դրամի պարգևավճար։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, դրանից 15 մլրդ 477 մլն դրամը բյուջեով նախատեսված է եղել «պարգևատրումներ, խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածով, 3 մլրդ 425 մլն դրամը քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրումն է, իսկ 2 մլրդ 548 մլն դրամը` հարկային, մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումները։
«Պարգևավճարը կազմում է աշխատավարձի հաշվարկային չափի ընդամենը 30 տոկոսը։ Բայց դրա մեջ, բացի այս պարգևավճարից, կա նաև 10 տոկոսի չափով քաղծառայողների ու հատուկ ծառայողների պարգևավճարը, որը կապ չունի այս տողի հետ»,– ասաց Ջանջուղազյանը։
Նա նաև նշեց, որ ՀՀ պետական համակարգում աշխատողների թիվը 2020թ–ին եղել է 19 709 մարդ։ Աշխատանքի վարձատրության համար պետական բյուջեով տրամադրվել է 87,4 մլրդ դրամ։