ԱԺ առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 8-ի համատեղ նիստում շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առողջապահության եւ սոցիալական ոլորտներում բյուջետային ծրագրերի իրականացման համար օգտագործված ֆինանսական միջոցներն ընդհանուր բյուջեի 36 տոկոսն են կազմել: Նախարարի պաշտոնակատարի հաղորդմամբ՝ առողջապահության ոլորտին նախատեսված է եղել հատկացնել 109 մլրդ դրամ, սակայն ճշտված ծրագիրը կազմել է 144.4 մլրդ դրամ, որը ավելի քան 30 տոկոսով շատ է նախատեսվածից:
13 բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվել է 63 միջոցառում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օգտագործել է 548 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 97.7 տոկոսը։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հայտնեց, որ հատկացումները հաշվետու տարում էապես ավելի են եղել նախատեսվածից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով եւ պատերազմով:
Նրա տեղեկացմամբ՝ պատերազմի ընթացքում վիրավորված շուրջ 8000 վիրավորված զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք ստացել են պատշաճ բժշկական բուժօգնություն, ինչի շնորհիվ բավական ցածր է եղել հիվանդանոցային մահացությունների չափը:
Դեղապահովման ծրագրի կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Պետությունը հաշվետու տարում ընդլայնել է կրծքագեղձի սկրինինիգային ծրագիրը՝ արձանագրելով դրական տեղաշարժեր:
Հարց հնչեց, որը վերաբերում էր ԴՆԹ հետազոտությունների սարքավորումների ձեռքբերմանը: Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ դատաբժշկական, գիտագործնական փորձաքննություններ անցկացնելու համար պետությունը չի ունեցել համապատասխան սեկվենատոր, այն ձեռք է բերվել 2018-ին եւ գործարկվել այդ տարվա վերջից: Ըստ նախարարի՝ հանրապետությունում եղել են այլ սեկվենատորներ, որոնցով կատարվել են ուրիշ փորձաքննություններ: 2018-ին գնված սեկվենատորը հագեցած է այնպիսի ծրագրով, որով իրականացվող փորձաքննությունները կատարվում են ոսկրանյութից ԴՆԹ անջատելու եղանակով: Անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարությունը 2020-ին գնել է երկրորդ սեկվենատորը: