Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է գրեթե 850 մլն դոլարով։
Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։ Ըստ պաշտոնական աղբյուրի, ընթացիկ տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 816 միլիոն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 848 միլիոն դոլարով կամ 10,6 տոկոսով:
Կառավարության արտաքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 656 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 6 մլրդ 225 մլն ԱՄՆ դոլար, իսկ կառավարության ներքին պարտքը մայիսին կազմել է 2 մլրդ 62 մլն ԱՄՆ դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 153 մլն ԱՄՆ դոլարով:
Կենտրոնական բանկի պարտքը մայիսին կազմել է 498,4 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն ավելացել է 38,5 մլն դոլարով, իսկ ապրիլի համեմատ՝ 44 մլն դոլարով։
Հիշեցնենք, որ դեռ փետրվարին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ այս տարվա ավարտին պետական պարտքը կկազմի 8,9 մլրդ դոլար։ Այսպիսով, մայիսի վերջի դրությամբ կառավարության պետական պարտքն արդեն կազմում է 8,3 մլրդ դոլար, իսկ ընդհանուր պետական պարտքը՝ 8,8 մլրդ դոլար: