Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել։
Փոփոխության համաձայն՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարն ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի։
Փոփոխությամբ ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։
Ըստ որոշման նախագծի՝ լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ծրագրի Արդար և ժողովրդավարական կառավարում ոլորտին, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: