Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին և սա երկրի վարկանիշի հարց է: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյոք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և դրանցից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահին չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ: Ինչո՞ւ չունենք, քանի որ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր մտադիր են ներդրում կատարել, վերջին մեկուկես տարում երկու անգամ հետաձգել են որոշումը:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել և տեղեկացրեց, որ այսօր տվել է հանձնարարական՝ մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորման հնարավորությունը, որ սպանդանոցների կառուցման և տեխնիկայի, այդ թվում տրանսպորտի ապահովման համար, ստեղծվեն լավագույն պայմաններ:
«Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի նախընտրելի սպանդանոցների քարտեզ և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, ովքեր այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ եթե մեր հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք մինչև հուլիսի 1-ը փորձենք միասին այս խնդիրները լուծել, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու, ապա մինչև փետրվարի 6-ը պատրաստ են այլ առաջարկներ լսել, կայացնել որոշումներ, մինչև մարտի 1-ը ֆինանսավորում կատարել, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ միանան, գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի 2-ից այս թեմային չեն վերադառալու ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, քանի որ ՀՀ պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով։