«Լիճքվազ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Ընկերությունը տարակուսելի և սկզբունքորեն անընդունելի է համարում արտահանման ներուժ ունեցող ոլորտում տնտեսվարման պայմանները խաթարող նախաձեռնությունը։
«Նախագծի գործադրման դեպքում որոշ արտադրողներ կենթարկվեն գործունեության հարկադրված դադարեցման ռիսկի։
Ի լրումն դրա՝ խտանյութ արտադրողների համար ակնհայտ խնդրահարույց է այն, որ նախագիծը ելնում է խտանյութերում օգտակար բաղադրիչների կոնկրետ պարունակության մասին վերապահումներից, հաշվի չի առնում ոլորտում տարբեր տնտեսվարողների առանձնահատկությունները, ընդերքօգտագործողների համար ստեղծում է ռացիոնալ կանխատեսումներից դուրս իրավիճակ և էապես վնասում ներդրումային միջավայրը Հայաստանում։
Մասնավորապես՝ նախատեսվող իրավակարգավորմամբ պղնձի խտանյութի յուրաքանչյուր տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար սահմանվող դրույքաչափը որևէ կերպ չի պայմանավորվում խտանյութում պղնձի փաստացի պարունակությամբ։ Նախագծի հիմնավորման մեջ բերված հաշվարկում ենթադրվում է, որ արտահանվող խտանյութում պղնձի պարունակությունը 24% է, և նախագծում որևէ տրամաբանություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե պղինձը խտանյութում հիմնական օգտակար բաղադրիչն է։ Սակայն Հայաստանում արտադրվում է նաև «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2603000000 ծածկագրին դասվող պղնձի խտանյութ, որում պղինձը հիմնական օգտակար բաղադրիչը չէ, պղնձի պարունակությունը էապես նվազ է հաշվարկի հիմքում դրված պարունակությունից և տատանվում է 7-13%-ի սահմաններում։ Այդպիսի խտանյութերի դեպքում կիրառելի չեն պղնձի 24% պարունակության վերապահումով կատարված հաշվարկները և նախագծի այն հիմնավորումները, որոնք միտված են Հայաստանում պղնձի խտանյութի վերամշակման խորացմանը նպաստելուն»,- նշել են ընկերությունից։
«Լիճքվազ» ՓԲԸ-ն հորդորում է ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին նախագծի քննարկմանը ներգրավել ոլորտի տնտեսվարողների՝ ընդերքօգտագործման համար անդառնալի վնասների ռիսկեր ենթադրող օրենսդրական իրողությունների տանող որոշումներից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է պղնձի, մոլիբդենի հանքանյութի արտահանման տուրքն ավելացնել 15 տոկոսով։