Արտահերթ նիստում ԱԺ-ն քննարկեց «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ 6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը:
Օրինագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը հայտնեց, որ առաջարկվում է վավերացնել 2021 թվականի ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը։
Նրա փոխանցմամբ՝ նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է երկարաձգել մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը և թերությունների համար պատասխանատվության ժամկետ սահմանել 2022 թվականի օգոստոսի 31-ը: Լրացուցիչ 4 ամիս անհրաժեշտ է նաև սահմանել ծրագրի ֆինանսական աուդիտի և վարկի փակման ժամանակահատվածի համար»,- նշեց փոխնախարարի պաշտոնակատարը։
Փոփոխությամբ ակնկալվում է 2022 թվականին Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողության կրճատում, միջին օրական երթևեկության ինտենսիվության ավելացում՝ օրական մինչև 3 500 մեքենա՝ 2014 թվականի 2 800 մեքենայի համեմատ:
«Ակնկալվում է նաև ունենալ բեռնափոխադրումների էական ավելացում, ճանապարհի երկայնքով կանխարգելել և կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ բարելավելով ճանապարհային անվտանգությունը»,- հավելեց նա։