Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթներով հաշվարկների գծով փորձագիտական խորհրդի անդամները քննարկել են միության տարածքում անխափան անդրսահմանային հաշվարկների և վճարումների ապահովմանը վերաբերող հարցեր։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
ԵՏՀ Ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արման Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ անդրսահմանային հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման և ընդհանուր վճարային տարածքի զարգացման խնդիրները սահմանված են ԵԱՏՄ մասին պայմանագրով և արտացոլված են Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում՝ մինչև 2025 թվականը:
«ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման խնդիրների հաջող իրականացման համար կարևոր եմ համարում Եվրասիական տարածքում վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման հարցերով հանձնաժողովի և Միության երկրների ֆինանսական կարգավորիչների փոխգործակցության ակտիվացումը: Անհրաժեշտ է քննարկել համալիր և ամբողջական մոտեցումների մշակման հեռանկարները՝ հաշվի առնելով ֆինանսական հատվածի թվայնացումը»,- ընդգծել է Արման Խաչատրյանը։