Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ հանդես եկավ Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով:
«Հետևաբար, այսօրինակ հայտարարությունները կարևոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2019 թ. դեկտեմբերի 20-ին ավարտել է «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի առաջին ամփոփումը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան:
Գործադիր խորհրդի քննարկումից հետո, Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար պրն. Միթսուհիրո Ֆուրուսավան հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով:
Գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը նպաստում է տնտեսական աճին: Իշխանությունների կողմից Բազել III-ի միջոցառումների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, ընդ որում՝ ողջունելի են նաև կապիտալի շուկայի զարգացմանը և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ծրագրերը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին:
«Իշխանությունները վերահաստատել են նաև սոցիալական ապահովության ցանցն ընդլայնելու և այն առավել հասցեական դարձնելու միջոցով բնակչության առավել խոցելի խավերին պաշտպանելու իրենց հանձնառությունը: Մարդկային կապիտալի ամրապնդմանն ու կանանց աշխատուժի մասնակցության բարձրացմանն ուղղված քայլերը իշխանությունների երկարաժամկետ կառուցվածքային օրակարգի առանցքային կետերից են»,- նշել է Միթսուհիրո Ֆուրուսավան։