Հայաստանի իշխանությունը բանակցություններ է վարում երկու լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Մելքումյանը նշեց, որ Կերչի կամրջի կառուցումից հետո որոշ լաստանավեր են ազատվել, և կարծում է, որ հարցը կարող է լուծվել ընդունելի գնով։
«Բանակցություններ են ընթանում։ Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները»,– ասաց Միքայել Մելքումյանը՝ համոզմունք հայտնելով, որ որոշ ժամանակ անց Հայաստանը Ղազախստանի օրինակով տերմինալ կունենա Փոթիում կամ Բաթումիում։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն հայտարարել է, որ եթե հայկական իշխանությունները հետաքրքրված են Սև ծովում լաստանավ ունենալու հարցով, արագ կարելի է նավեր գտնել: