Հայաստանն առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հիմա Ռուսաստանը, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների նախագծեր ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն:
«Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն, Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը:
«Այս պահին ունենք փոխհամաձայնություն, և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է, և հարցն առաջիկայում կքննարկվի Կառավարության նիստում»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
«Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմից: Աշխատանքները ծանր են, և շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժեշտություն է առաջանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թ. վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները հասցնել ավարտին»,- հավելել է նախարարը: