Հուլիսի 1-ի դրությամբ՝ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3%-ով։ Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.9 %-ը կամ 34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 32.8 հազ. մարդու փոխարեն: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Ըստ վիճակագրության՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.9 %-ը, կամ 61.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.8 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,9 %-ը, կամ 39.8 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7 %-ը կամ 11.5 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.0 % կամ 2.5 հազ. մարդ:
Ըստ կրթական կազմի՝ բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 13.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.3%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որակավորում ունեցող մասնագետները:
Պաշտոնական տվյալներով՝ ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 18.7%, 30-44 տարեկանները` 41.8%, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 19.2%:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստերից մեկում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հունիսին վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է գրանցվել։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախորդ ամսին գրանցված վարձատրվող աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով: