Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի զարգացումը, մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն բարձր հավելյալ արժեք ապահովող ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով։ Այս ասելով, իհարկե, հաշվի ենք առնում այն պայմանները, որում գտնվում է մեր երկիրը թե՛ միջավայրային, թե՛ ներքին ռեսուրսների տեսանկյունից։ Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հասարակության հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ չափազանց բարձր է։ Նրա խոսքով՝ նոր գաղափարներն ու առաջարկները բազմաթիվ են։
«Այս ամիսների ընթացքում մենք ստեղծել ենք որոշակի ենթակառուցվածք, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում որևէ գաղափար դուրս չմնա ուշադրությունից և մտնի մասնագիտական քննարկման դաշտ ու եզրակացությամբ անգամ պրոեկտ դառնա։ Այստեղ կարևոր է մասնավորի հետ շփման հարթակների զարգացումը։ Մենք այսօր տիրապետում ենք հատկապես ինժեներական մակարդակում իրականացվող ծրագրերին ու դրանք մտցնում որոշակի կառուցողական դաշտ։ Ոլորտի մասնագետներին ավելի հաստատակամ է դարձրել»,-նշել է Հ․ Չոբանյանը։
Անդրադառնալով ծրագրերին՝ Չոբանյանը հավելել է․ «Մեր նպատակն է, որ ՀՀ բոլոր բնակավայրերը միացված լինեն լայնաշերտ ինտերնետ կապին»։