Այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5 % գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գրանցված 13.0-2.1% գնանկումը: Մրգի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ`13.0 % գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Ըստ վիճակագրության՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.8 % գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 75.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 7.0 % գնանկում):
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 39.4 % գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 12.1 % գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5 % գնանկում:
Ձվի գինը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ աճել է 51.3 %-ով, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 23.8 %, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 3.0% գնաճ։
Համաձայն ԱՎԿ-ի՝ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7 %, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.8 % գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 32.2%):
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.2 %, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6 %, 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1 %, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.3 % և 1.2 %: 2021թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3 %, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4 % գնաճ: