ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի հասարակայնության և տեղեկատվության վարչությունւց։
Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին և կարևորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար և ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։
Յան Վան Բիլսենն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ՄՖԿ-ի` Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը և, որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ առանձնացրել է ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորություններին և քննարկել առաջիկա անելիքները։