Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը կարևորել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ հատկապես Հայաստանի մասնավոր հատվածի համագործակցության խորացումը, որն իր հետ բերում է բիզնես մշակույթի ճիշտ սկզբունքներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ:
Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային մասշտաբային նախագծերում Հայաստանի ներգրավվածությունը, կապիտալի շուկայի զարգացումը, ինչպես նաև խոսել մարդկային կապիտալի զարգացման մասին՝ որպես առանձին բարեփոխումների խումբ։
Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ ֆինանսական ոլորտ, էներգետիկա, առողջապահություն ու տուրիզմ:
Զրուցակիցները խոսել են վերոնշայլ ոլորտներում զարգացման հեռանկարի շուրջ, անդրադարձել հատկապես տուրիզմի զարգացման հնարավորություններին: