Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսային գումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ծրագիրը սոցիալական խնդիրները բացառող նպատակ է հետապնդել, բայց որոշակի մեթոդաբանական հարցեր են եղել։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Երևանում հիփոթեքային վարկով բնակարանների եկամտահարկի վերադարձի չեղարկմանը։
Ըստ նրա՝ այդ գործիքը չարաշահվել է, և այսօր ծրագիրը սոցիալական խնդիր չի լուծում։
Նրա խոսքով՝ թեև շինարարական բիզնեսը սկզբնական շրջանում բարդություններ կունենա, սակայն, տնտեսագետը եկամտահարկի վերադարձի ծրագրի աստիճանաբար դադարեցումը դրական է գնահատում։
«Հարցերի շատ ավելի լայն շրջանակ կա, և այն պայմանավորված է վարկերի մատչելիության հետ, դրամավարկային քաղաքականության խնդիրների, ստվերային հոսքերի հետ։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է համակարգային լուծում ստանան։ Ամենակարևորն այն է, որ հիփոթեքային վարկը լինի մատչելի, սա է խնդիրը։ Հայաստանում այդ վարկի տոկոսադրույքները բարձր են։ Հիփոթեքային վարկն իր բնույթով գրեթե չի տարբերվում բիզնես վարկերից, մասնավոր բանկերը չարաշահել են այդ լծակները։ Այն, ինչ կատարվում է մասնավոր բանկերում, պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնա»,- նշեց նա և ընդգծեց, որ հիփոթեքային ընկերությունները, որոնք բուֆերային ֆունկցիաներ են կատարում, բարձրացնում են տոկոսադրույքները։
Ատոմ Մարգարյանի տեղեկացմամբ՝ արտոնությունից տպավորիչ արդյունքներ կան, մինչև 17 000 մարդ օգտվում է այդ ծրագրից։ Տնտեսագետի բնորոշմամբ, սակայն, այդ քաղաքացիները միջին խավի, բարձր եկամուտ ունեցողներն են, որոնք, նաև եկամտային համահարթեցման ծրագրից են օգտվում։
«Այս ծրագիրը գործում է նաև եկամտահարկի համահարթեցման առկայության պայմաններում, արդար չէ։ Ինչու չէ այս համակարգը նաև կոռուպցիոն որոշակի տարրեր պարունակում։ Եթե նայենք, թե արտոնությունից ովքեր են օգտվում, ինչպես են օգտվում, կարող են ընտանիքով և հարազատներով գրանցվել, նրանց եկամտահային հարկը ևս մտցնել ծրագրի մեջ։ Սա ուղղակի անընդունելի է։ Կա սոցիալական բնակարանաշինության խնդիր»,- նշեց նա։
Փորձագետը Երևանում հիփոթեքային վարկով բնակարանների եկամտահարկի վերադարձի չեղարկումը ճիշտ որոշում է համարում, նկատում է՝ շինարարությունը մայրաքաղաքում է կենտրոնացված։ Նրա կարծիքով՝ մարզերում հատկապես երիտասարդ ընտանիքների բնակարաշինության համար ոչ միայն պետք է արտոնություններ լինեն, այլև սուբսիդավորման քաղաքականություն պետք է կիրառել։
Ատոմ Մարգարյանն ընդգծեց, որ չնայած խոստմանը՝ այս իշխանությունը վարկային ռեսուրսների խնդիրը չի լուծել, և պետք է թիրախավորված աշխատի։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ։
Նպատակն է փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսային գումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնությամբ ուղղված տարածքային համաչափությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն։ Արտոնությունը գործում է ավելի քան հինգ տարի ժամկետում, կարգավորումն ի սկզբանե ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների։