Ղրղզստանի Չոլպոն-Աթայում օգոստոսի 19-20-ը կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդի խնդիրները: Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Քննարկվելիք հարցերից են ներքին շուկայի գործունեությունը, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, միության անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրի համար ապահովագրական աջակցության ինստիտուտի ստեղծման հեռանկարները։ Բացի այդ, ուշադրություն կդարձվի գլոբալ կլիմայական օրակարգին։ Նշվում է, որ նիստի արդյունքներով նախատեսվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումների ստորագրում։